• ESTDEV-ի ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կազմակերպմամբ Տալլինի հումանիտար համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Fotografiska-ում։ Այս տարվա համաշխարհային համաժողովը կկենտրոնանա երեք հիմնական թեմայի վրա՝ համակարգային բարեփոխում, մարդկանց պաշտպանություն տվյալահեն հումանիտար գործունեության պայմաններում, և դերերի բաշխում հումանիտար պլանավորման ու իրականացման մեջ։ Լրացուցիչ տեղեկություններ և գրանցում՝ ERC-ի կայքում։
  • Էստոնիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մենք օգնում ենք Սիրիայում 400 ընտանիքի՝ բավարարելու իրենց հիմնական կարիքները և հաղթահարելու տարիներ շարունակվող ճգնաժամի հետևանքները։
  • Այս ձմռանը մենք ջեռուցման աջակցություն ենք տրամադրում Ուկրաինայի առաջնագծի և դժվարամատչելի տարածքներում ապրող ավելի քան 5000 խոցելի ընտանիքի։



    Փախստականների հարցերով էստոնական խորհրդի թվային նախաձեռնությունները

  • Մենք ստեղծում ենք փորձառու թվային մասնագետների ցանց՝ DigiCap, որը կօգնի լուծել հումանիտար ոլորտի թվայնացման մարտահրավերները և աջակցել հումանիտար կազմակերպություններին բարդ ճգնաժամային իրավիճակներում բարձրացնելու իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության կողմից։

  • Dignital-ը Փախստականների հարցերով էստոնական խորհրդի մշակած գործնական հարթակ է հումանիտար օգնության տրամադրման համար։ Այն կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ ճկուն համակարգում կառավարել գրանցումը, կարիքների գնահատումը և ստուգումը, ուղղորդումները, վճարումների նախապատրաստումը, մշտադիտարկումը, հաղորդակցությունը և հաշվետվությունը։ Կարդացեք ավելին Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կայքում։

  • HumX-ը հումանիտար տվյալների տարածք է, որը տարբեր հումանիտար կազմակերպություններին և համակարգերին հնարավորություն է տալիս անվտանգ փոխանակել տվյալներ։



    Հայաստան

  • Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ մենք ստեղծել ենք չորս համայնքային խորհուրդ, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք կարողանան բարձրաձայնել իրենց մտահոգությունները և մասնակցել իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին։ Սեպտեմբերին Երևանի, Գյումրիի, Դիլիջանի և Եղեգնաձորի համայնքային խորհուրդները հայտարարեցին ծրագրի հաջորդ փուլի մասին, հարցազրույցներ անցկացրին դիմորդների հետ և ընտրեցին նոր խմբեր։ Երևանի խմբի առաջին փուլի ընթացքում մշակված քաղաքականության առաջարկությունները ներկայացվել են համապատասխան նախարարություններին։ 
    Ավարտվեց Սևանի և Գորիսի ինքնօգնության խմբերիշ դրամաշնորհառուների ընտրությունը, և 11 դիմորդ ստացավ դրամաշնորհ։ Վայքում և Աշտարակում ձևավորվեցին երկու նոր խումբ։ 
    Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

  • Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի կանաչ բիզնեսի էկոհամակարգը և խթանել շրջանաձև տնտեսության սկզբունքները հանրակրթական դպրոցներում ոչ ֆորմալ ձեռնարկատիրական կրթության միջոցով։ Սեպտեմբերին Լոռու և Տավուշի մարզերի վեց դպրոցում մեկնարկեց «Ագրոբիզնես» արտադասարանային խմբակի փորձնական իրականացումը։ Մոդուլը ներառում է ինտերակտիվ կրթական խաղ, որը երեխաներին ծանոթացնում է գյուղատնտեսության աշխատանքին։ 
    Ծրագիրը ֆինանսավորվում է ESTDEV-ի՝ Միջազգային զարգացման էստոնական կենտրոնի կողմից։

  • Մենք մեկնարկեցինք նոր նախագիծ, որը նպաստում է որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցությանը, գենդերազգայուն կլիմայական հարմարվողականությանը, բնապահպանական կառավարմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, տնտեսական հզորացմանը և սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդմանը։ Սեպտեմբերին ներգրավեցինք մասնակիցների Սիսիանի և Իջևանի համայնքներում և նախապատրաստեցինք նրանց հոկտեմբերին նախատեսված կարողությունների զարգացման դասընթացներին։ 
    Նախագիծը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության UK International Development-ի կողմից և իրականացվում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից՝ «Դիմակայունության ամրապնդում Արևելյան հարևանությունում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR)։